
Հայաստան, Երևան
Երևան
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և միաժամանակ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Երևանը հիմնադրվել է Ք.Ա. 782թ., այսինքն, քաղաքն ավելի մեծ է, քան նույնիսկ Հռոմը: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին՝ ծովի մակարդակից շուրջ 1000 մետր բարձրության վրա։ Երևանում բնակչությունը կազմում է 1,117 մլն մարդ (2010 թ.),: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 13-րդն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում։
Մշակույթ
Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։ Օպերայի և բալետի թատրոնը հիմնադրվել է ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1932 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ։ Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ 1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ՝ «Գայանե», «Քաջ Նազար» և այլն։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով։
Տեսարժան վայրեր
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են Օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:
Մատենադարան
Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաև համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների արձանները:
Կասկադ
Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ» համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝ Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերայի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան՝ Երևանի համայնապատկերը:
Էրեբունի թանգարան
Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Խանջյան փողոցի հարևանությամբ`կանաչապատ այգու տարածքում: Եկեղեցու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2001թ, երբ Հայաստանում նշվում էր քրիստոնեության ընդունման 1700 ամյակը: