
Հայաստան, Գառնի, Գեղարդ
Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679 թ-ի երկրաշարժից: 1830-ական թվականներին Մակու քաղաքից և շրջակայքից հայ գաղթականներ են բնակություն հաստատել Գառնիում, հիմնել համանուն գյուղը: Խորհրդային տարիներին Գառնիի Մայր տաճարը վերականգնվել է, որի ժամանակ առավելագույնս օգտագործվել է հնագույն ամրոցի ավերակներից մնացած քարերը: Այսօր Գառնիի Մայր տաճարը համարվում է Հայաստանի զբոսաշրջային ամենաակտիվ վայրերից մեկը:
Գեղարդի վանքը Հայաստանի հնագույն վանքերից է, որն իր մեջ ներառում է երկհարկանի քարակերտ տաճարներ ու կից եկեղեցի: Այն գտնվում է Երևանից հարավ-արևելք, երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա` Ազատ գետի աջ ափին` պատմական Գեղարդաձորում։ Պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոփ փոքրիկ մատուռը վանքի ամենահին հուշարձանն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ, այդ թվում՝ նաև 12-րդ դարի (1177, 1181 թթ.)։